Արմինֆո. Հայաստանն ամերիկյան զենք ձեռքբերելու հնարավորությունը չի դիտարկում, դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կոչին՝ հրաժարվել ռուսական սպառազինությունից հօգուտ ամերիկյանի:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Երևան այցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանին ամերիկյան զենքի հնարավոր վաճառքին, մասնավորապես, ասել էր. <Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին այն կլինի զենքի վաճառքն ավելացնելու մասով: Բայց իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի ավելի քան 80 տոկոսը ձեռք է բերում ՌԴ-ից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ փաստը լուրջ գործիք է կողմերի վրա ազդելու համար և չի հանգեցնում խաղաղության: Մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք, որ մրցակցությունը շարժիչ ուժ է։ Եվ մեր զինամթերքն ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, որ մենք պետք է քննության առնենք այդ հարցը՝ մեր օրենքների շրջանակներում>: