Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Հավելենք, որ Ղազախստանի Հանրապետության պետական անկախության օրը
նշվում է դեկտեմբերի 16-ին: Տոնի պատվին այդ օրը և դեկտեմբերի 17-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օրեր են: 1991 թ. Դեկտեմբերի 16-ին Ղազախստանի ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց Ղազախստանի անկախության եւ պետական ինքնիշխանության մասին օրենք:
Ղազախստանը վերջին տարիներին ինտենսիվ զարգանում է: Ղազախստանը տնտեսության բնագավառում զգալի հաջողություններ է գրանցել ամբողջ տնտեսական համակարգի վերակազմավորման շնորհիվ, որը խորհրդային ժամանակաշրջանում հիմնականում հենվել է արդյունահանող արդյունաբերության վրա:
Անկախ Ղազախստանում տնտեսական բարեփոխումներից բացի իրականացվել են քաղաքական բարեփոխումներ, որոնք զգալիորեն բարձրացրել են հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում: Ղազախստանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, հայտնի է որպես արեւմտյան եւ արեւելյան երկրների հուսալի գործընկեր:
Տոնի օրը հանրապետությունում անցկացվում են զանգվածային տոնակատարություններ: Տոնի նախօրեին նաեւ պարգեւատրվում են մշակույթի եւ արվեստի, քաղաքականության և այլ ոլորտների ականավոր գործիչներ: Հայտարարվում է «տոնական համաներում՚: Բոլոր քաղաքներում, գյուղերում անցկացվում են տոնական համերգներ, երեկոյան երկինքը լուսավորվում է հրավառությամբ: