Արմինֆո.«Սասնա Ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր և բոլոր հայերի համար հայրենիք դարձող հանրապետության: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանն ասել է, որ այսօր այդ նպատակի իրագործման համար կան բոլոր նախադրյալները, և անհրաժեշտ է միասին աշխատել։
Մեկնաբանելով աննախադեպ քարոզարշավի վերաբերյալ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը` Վարուժան Ավետիսյանն ասել է, թե ոստիկանապետը չէ, որ պետք է գնահատական տա ընտրական գործընթացներին, քանի որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում: «Մեր պատկերացրած Հայաստանում, առհասարակ, ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից և քաղաքականության մեջ մտնելուց։ Սա անցումային վիճակ է, և համոզված ենք, որ մենք շուտով այլևս նման երևույթների ականատես չենք լինելու», - համոզմունք է հայտնել պատգամավորության թեկնածուն։
Անդրադառնալով ընտրությունների համար հավասար պայմանների ապահովմանն առնչվող հարցին` Վարուժան Ավետիսյանն ընդգծել է, որ երկիրը ապրում է բարդ շրջան: «Այնպիսի ժամանակ ենք ապրում, բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը մի միջանկյալ փուլ է, որ կտանի մեզ, համոզված եմ, դեպի արդար, ազատ, հավասար, թափանցիկ ընտրություններ։ Հիմա կա ազատություն, բայց շարունակությունը մեր ժողովուրդը, բոլորս միասին մենք կապահովենք», - հայտարարել է Վարուժան Ավետիսյանը:
Այսօր Հայաստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 2 դաշինք և 9 կուսակցություն` «Իմ քայլը՚ և «Մենք՚ դաշինքները, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան՚, «Քաղաքացու որոշում՚, «Ազգային առաջընթաց՚, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ և «Սասնա Ծռեր՚ կուսակցությունները: Խորհրդարան անցնելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 7 տոկոսի, իսկ կուսակցությունները` 5 տոկոսի շեմը: Եթե անցողիկ շեմը հաղթահարի միայն երկու քաղաքական ուժ, ապա երրորդ տեղն զբաղեցնող ընտրական մրցակիցն, անկախ քվեարկության արդյունքից, նույնպես կստանա մանդատներ, քանի որ ՀՀ սահմանդրությունը երաշխավորում է երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը բարձրագույն օրենսդիր մարմնում: