
Արմինֆո.«Ես ՀՀԿ-ի քաղաքականությունը շարունակելու փորձ եմ տեսնում», - ՌԻԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչն է իրեն առավել մտահոգում նոր իշխանությունների գործողություններում:
«Հայտարարվել է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի, 2019 թ. բյուջեն հայտարարվել է համաձայն մեր կուսակցության կողմից պատրաստված միջին ժամկետային բյուջետային ծրագրի եռամյա պլանավորման: Բնակչությանը մտահոգող հիմնական հարցերի վերաբերյալ, կարծես, նույն ուղղվածությունն է: Ինչ վերաբերվում է կատարման որակին, դա ինձ շատ է մտահոգում, քանի որ տեսնում ենք ոչ միայն անփորձ թիմ, մենք տեսնում ենք մի խումբ մարդկանց, որոնք սկզբունքորեն պատրաստ չեն պետական որոշումներ կայացնելուն, և նրանցից յուրաքանչյուրը ղեկավարում է պետական կառավարման մի հսկայական հատված: Կառավարության ղեկավարն մունի վստահության շատ բարձր վարկանիշ: Վարչապետի անձնական վարկանիշը, իսկապես, հսկայական է, և մարդիկ մեծ հույսեր են կապում նրա հետ: Ես իսկապես ուզում եմ, որ նա հաջողության հասնի, որովհետև, ի վերջո, նրա կողմից հայտարարված գաղափարներն ազնիվ են`երկրի բարեկեցություն, նոր հնարավորություններ երիտասարդների համար, սակայն, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, չի համապատասխանում այն ամենին, ինչ հայտարարվում է, և շատ բաներ, որոնք հնչում են այս օրերին, լուրջ մտահոգության առարկա են: Օրինակ, 150 հազար պետական աշխատողների կրճատման պլանները, ինչը հսկայական թիվ է, երկրի գրեթե ամեն չորրորդ աշխատողը: Դա հապճեպ որոշում է`նախարարությունների կեսի կրճատումը», - ասել է Սարգսյանը:
Նա նաև վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքներ չկան: «Առայժմ նմանվում է ընտրովի արդարադատությանը և պայքարը քաղաքական մրցակիցների դեմ պայքարին», - ասել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, արտաքին քաղաքականության մեջ նույնպես կան ահագնացող ազդակներ: Միևնույն ժամանակ, Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է լուծվել: Ինչ վերաբերում է ՀՀԿ ծրագրին, ապա նա նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք մեզ համար կարևոր են, որոնք կմնան մեր քաղաքական օրակարգի առաջնահերթություններում: «Դա Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը, դրա լիարժեք իրականացումը: Դա մեր երկրի պաշտպանունակությունն է, բանակին առնչվող խնդիրները, անվտանգությունը: ՀՀԿ-ն տասնամյակներ շարունակ ավանդաբար դերակատարում է ունեցել բանակաշինության մեջ: «Այս թեման չի կարող անտարբեր լինել մեզ համար: Ինչ վերաբերում է գիտությանը, կրթությանը, բժշկությանը, այսինքն, «մարդկային չափումներին», ապա վերջին տարիներին մենք շատ բան ենք արել այդ ոլորտներում», - եզրափակել է Սարգսյանը: