Արմինֆո. Նոյեմբերի 20-ից 21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի կենտրոնից, այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ:
Հավելենք, որ նոյեմբերի 21-ին ԵԽ նախագահությունը կանցնի Ֆինլանդիային, որը մտադիր է քայլեր ձեռնարկել ԵԽ երկրներում մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Ֆինլանդիայի կառավարության հաղորդման համաձայն, երկիրը ցանկանում է նաև խորացնել այն բանի ըմբռնումը, թե նոր տեխնոլոգիաներն ինչպես են ազդում մարդու իրավունքների վրա: 2019 թվականի փետրվարին Հելսինկին կկազմակերպի արհեստական ինտելեկտին և մարդու իրավունքներին նվիրված միջազգային խորհրդաժողով: Եվրախորհրդում Ֆինլանդիայի նախագահությունը կտևի մինչև 2019 թվականի վերջը: