Արմինֆո. Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական ջրբաժանը կուսակցությունների և դաշինքների աշխարհաքաղաքական դիրքորոշումն է: Մամուլի ասուլիսում այդպիսի կրածիք է հայտնել Եվրասիական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:
Նրա ասելով, Հայաստանում հեղափոխությունը ֆիասկո չկրեց և «չպառակտվեց՚ հենց այն բանի հետևանքով, որ դրա առաջնորդներն ի սկզբանե հայտարարել էին գործընթացներում աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայության մասին: Որպես իր խոսքերի հիմնավորում` փորձագետը վկայակոչել է սոցիոլոգիական տվյալներ: Նրա ասելով, Հայաստանի բնակչության 70 տոկոսը սատարում է ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերին, 20 տոկոսը` արևմտամետ, 10 տոկոսը չի կողմնորոշվել: Փորձագետի հավաստմամբ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վերջին 7 տարում ապրում է պատերազմի մշտական սպասումով: Ընդ որում, բնակչության 82 տոկոսը կարծում է, որ պատերազմի դեպքում Հայաստանի դիրքերն ավելի հաստատուն կլինեն, եթե համագործակցի Ռուսաստանի հետ` հաշվի առնելով երկու երկրների անվտանգության համակարգերի, էներգետիկայի և տնտեսության սերտ ինտեգրումը:
Մանուկյանը նաև նշել է, որ երկրի բնակչության 72 տոկոսը հակված է սատարելու սոցիալիստական կողմնորոշման ուժերին, 8 տոկոսը` ազատականներին, մնացածը` հիբրիդային ուժերին: Այդ ֆոնին ուշագրավ է, որ երկրի բնակչության 92 տոկոսը տնտեսությունում պաշտպանում է պետական սեփականությունը:
Ընդ որում, ինչպես նշել է փորձագետը, քաղաքական ուժերի մեծ մասն իր գործունեությունում չի հիմնվում այդ քաղաքական տրամադրությունների վրա` ղեկավարվելով սովորական ամբոխավարությամբ և բարձրացնելով առավել շահարկվող խնդիրները: