


Արմինֆո. ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն նոյեմբերի 3–ին, հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե դատավորները հրաժարվել են քննել ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը։
«Այս պահին գործը դեռևս գտնվում է դատարանում, տեղեկություն չունեմ՝ դատական ակտ կայացվել է: Ինչ վերաբերվում է այն հարցին՝ դատավորն իրավունք ունի հրաժարվել, թե ոչ, գործում է ինքնաբացարկի ինստիտուտը, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատավորն իրավունք ունի օգտվել իր այդ իրավունքից»,-ասաց Փոլադյանը:
Նա հավելեց, որ իր ունեցած տեղեկություններով դատավոր է փոխվել: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանին են անդրադարձ եղավ: Ասաց, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, դատավորն էլ իր տեսակետը հայտնել է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախկինում զանգեր եղե՞լ են դատավորներին, իսկ հիմա չկան, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը: Դատական դեպարտամենտի ղեկավարն ի պատասխան ասաց. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը, կխնդրեմ հարցը ուղղել հասցեատիրոջը»:
Նա նաև հավաստիացրեց, որ ԲԴԽ-ն յոթ ամսվա ընթացքում դատավորի գործունեությանը միջամտելու ահազանգ չի ստացել: Ասաց նաև, որ հեղափոխությունից հետո դատական համակարգն աշխատում է բնականոն հունով, հետևություններ են արվել ընդհանուր իրավիճակից, և արդյունքը կերևա առաջիկայում:



