Արմինֆո. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
<Կարծում եմ, որ այսօր նախագահը կստորագրի համապատասխան հրամանագիր>,- ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ պայմանավորվածությունն այդպիսին է: <Այս ընտրությունները <Քաղաքացիական պայմանագրի> կամ մեկ այլ ուժի համար չեն, ընտրությունները ժողովրդի համար են, և որոշումը կայացնելու է ժողովուրդը>,- ընդգծել է Փաշինյանը՝ պատասխանելով հին Ընտրական օրենսգրքով և ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների անցկացման վերաբերյալ լրագրողների հարցին:
<Ես, իհարկե, մտահոգված եմ այդ փաստով, և կարծում եմ, որ մեր առաջարկած Ընտրական օրենսգրքով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կընդգրկեին: Բայց կարծում եմ, որ ունենք թափանցիկ և ազատ ընտրություններ անցկացնելու բոլոր հնարավորությունները>,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ օրինակ բերելով Երևանի ավագանու հաջող ընտրությունները, որոնք նույնպես կայացան հին Ընտրական օրենսգրքով: Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: <Լինելու եմ համահանրապետական թեկնածու>,- ասել է նա: