Արմինֆո. ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից Հայաստանում արված հայտարարությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը լքող Ռիչարդ Միլսի <հրաժեշտի> ելույթը, <ով հրապարակայնորեն հրահանգներ տվեց երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ և շռայլ ֆինանսավորում խոստացավ տեղի հասարակական կազմակերպություններին կառավարության նկատմամբ վերահսկողության համար>:
<Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղղակի միջամտությունից, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ: Օրերս Երևան ժամանած Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում <պատմական կաղապարներից> (չէր թաքցվում, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն>,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ըստ որում, գերատեսչությունում գտնում են, որ Բոլթոնի կողմից Երևանում արված ամեն խոսք չէ արժանի քննադատության: Մոսկվայում համոզված են, որ շատ լավ միտք է հնչել հոկտեմբերի 25-ին <Ազատությանը> նրա հարցազրույցում. <Հայաստանի համար, իրոք, կարևոր է լինել լիովին ինքնիշխան պետություն, այլ ոչ թե՝ կախված արտաքին ազդեցությունից>: <Լավ կլիներ, եթե Բոլթոնը խորհեր իր իսկ խոսքերի իմաստի շուրջ>,- խորհուրդ են տվել ՌԴ ԱԳՆ-ում: