Արմինֆո. <Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան, և Փաշինյանին կհաջողվի վաղաժամկետ ընտրություններ <նշանակել>: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտան>: Այդ մասին <Ленте.ру>-ին հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանն այժմ գտնվում է բեկումնային փուլում: <Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական միավորի լիարժեք գերիշխանությամբ: Եվ այդ քաղաքական միավորում գերիշխող է լինելու մեկ մարդ: Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է երկարաժամկետ կայունություն ապահովել: Մնացած խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն զարգացման նման սցենարի: Սակայն այն սեղմվում է մոբիլիզացիոն ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցություններն այսօր պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է>,- հայտարարել է Քոչարյանը:
Ըստ որում, նա նշել է, որ Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունի։ <Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան նշանակալի դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ >,- ասել է նա:
Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ քրեական գործին՝ Քոչարյանը հայտարարել է, որ դա պատմությունը վերաշարադրելու և տեղի ունեցածը միանգամայն այլ կերպով նկարագրելու ակնհայտ փորձ է, իբրև թե խաղաղ ցուցարարներ են եղել, որոնց դեմ դուրս են եկել ագրեսիվ ոստիկանները և զինվորականները։ <Իրականում նման բան չի եղել, սակայն քրեական գործը ցանկանում են տանել հենց այդ սխեմայով։ Դա ենթադրում է շատ բաների կեղծում, տարբեր հարցերի պատասխանների լիովին բացակայություն, օրինակ՝ ո՞վ է այն ժամանակ վիրավորել ավելի քան հարյուր ոստիկանի, ո՞վ է այրել ավելի քան 100 մեքենա, ո՞վ է ցուցափեղկեր կոտրել, կողոպտել խանութները: Կա տեսագրություն, որում երևում է, որ ցուցարարների կողմից գործի է դրվել մարտական զենք և այլն։ Սակայն, զարմանալիորեն
քննությունը <չուներ> այդ ձայնագրությունը, չնայած իրականում, վստահ եմ, որ պարզապես չէին ցանկանում տեսնել այդ տեսանյութը: Այս շինծու գործի նյութերը հորինվում են, որպեսզի ամեն ինչ հարմարեցնեն մարդկանց մեղադրանքների նախապես ընտրված սխեմային, որոնց նրանք մեղավոր են <նշանակել>: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք օրենքի առջև պատասխան կտան>,-հավաստիացրել է Քոչարյանը: