


Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանին պատրաստվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
Արձագանքելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորումից, քանի դեռ Ղարաբաղը ներգրաված չէ բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի ատտգործնախարարը նշել է, որ Փաշինյանն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով:
<Ինչ-որ հայտարարություն անելով՝ մարդը պետք է մտածի, թե ինչ է ասում: Առաջին հերթին՝ կան փաստաթղթեր: Պետք է ծանոթանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին: Այդ փաստաթղթում հստակ գրված է, որ հակամարտության կողմեր են Հայաստան և Ադրբեջանը, և բանակցություններն ընթանում են այդ երկու երկրների միջև: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, այն այստեղ շահագրգիռ կողմ է: Եթե դա այդպես է, այստեղ պետք է հաշվի առնվի նաև ադրբեջանական համայնքի առկայությունը>,- հոկտեմբերի 25-ին լրագրողներին ասել է Մամեդյարովը:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում թաքուն որոշումները բացառվում են: Նրա ասելով, կարգավորման գործընթացում վերջին խոսքը պետք է պատկանի Արցախի ժողովրդին, և հենց Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ Հայաստանի ոչ մի կառավարություն չի կարող հիմնախնդիրը լուծել` առանց Արցախի ժողովրդի մասնակցության: Քանի դեռ Արցախը ներգրավված չէ կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն իր լուծումը չի գտնի: «Ես իրավունք ունեմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, բայց` ոչ Արցախի ժողովրդի անունից, որը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին՚, - նշել է վարչապետի թեկնածուն:



