Արմինֆո. ԱՄՆ նախագահի խորհրդականի մակարդակով այցը Հայաստան առաջինն է 1997 թվականից ի վեր: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Նա հայտնել է, որ բանակցոթյուններ է անցկացրել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
<Փաշինյանի հետ մեր բանակցությունները տևել են շուրջ 1 ժամ 20 րոպե, և ես նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն մեզ համար: Ես ընդգծել եմ նաև, որ մենք պատրաստ ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր>,- նշել է Թրամփի խորհրդականը՝ ավելացնելով, որ դա բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև ԱՄՆ շահերից:
Միաժամանակ նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում իր հանդիպումներին, Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Սիրիայի շուրջ իրավիճակին: Բոլթոնը նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի կատիվացման, Հայաստանում ԱՄՆ ուղղակի ներդրումների ավելացման կարևորությունը: