Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ Ազգային ժողովը քննարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար` Գագիկ Հարությունյանի փոխարեն, որը գլխավորել է Բարձրագույն դատական խորհուրդը:
Վահե Գրիգորյանը ծնվել է 1975 թվականին: Ավարտել է Երևանի պետհամալսարանը: Անցել է պարտադիր զինվորական ծառայություն: Բանակից վերադառնալուց հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: Հետագայում ավարտել է Նոթինհեմի համալսարանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետ է:
Իր խոսքում Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ իր մասնագիտական հմտությունները և որակավորումը լիովին համապատասխանում են իր հավակնած պաշտոնին: «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ինձ համար անկյունաքար կլինի մարդու հիմնարար իրավորւնքների պաշտպանությունը. չկա պետություն առանց մարդու, կա մարդ առանց պետության, ահա իմ սկզբունքը: Այսինքն, այն հազվագյուտ դեպքերում, երբ մարդու և պետության շահերը խաչաձևվում են, ես իմ պրակտիկայում կղեկավարվեմ այդ սկզբունքով՚, - հայտարարել Գրիգորյանը:
Նա, որպես ՍԴ ապագա դատավոր, մտահոգություն է հայտնել իշխանության թևերի բաժանման, դրանց միջև հակակշիռների անկատարության առնչությամբ, ինչը նախատեսված է գործող սահմանադրությամբ: «Եվ ստեղծված իրավիճակում կիսաձուլված օրենսդիր և գործադիր իշխանությունների հակակշիռը հենց ՍԴ-ն է՚, - ընդգծել է Գրիգորյանը:
Նա նաև բացատրել է այն պատճառները, որոնք իրեն դրդել են հայտ ներկայացնել այդ պաշտոնի համար: «Դա, առաջին հերթին, պայմանավորված է այն գործերում առաջընթացով, որոնք ես այժմ վարում եմ: Եթե նախկինում տիրում էր վախի մթնոլորտ, ապա այժմ մթնոլորտը փոխվել է, կա գործընթացների անաչառ առաջխաղացման հնարավորություն՚, - հավաստիացրել է Գրիգորյանը:
Նա նաև ընդգծել է ՍԴ մասին օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը: Գրիգորյանը նաև անհրաժեշտ է համարել օրենսդրական հիմքերի ստեղծումն անցումային արդարադատության իրագործման համար, որը, նրա կարծիքով, Հայաստանում արդեն իրողություն է: Ընդ որում, Գրիգորյանն ընդգծել է, որ անցումային արդարադատությունը պետք է գործի բացառապես ՀՀ սահմանադրության շրջանակում:
Հավելենք, որ Գրիգորյանը պետք է ընտրվի գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների մեծամասնության կողմից: