Արմինֆո. 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հոկտեմբերի 17-ին` «Ազատություն՚ ռադիոկայանին:
«Իրականում դա քաղաքական հարց չէ: Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է: Դա մաքուր իրավաբանական խնդիր է», - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, թե, պարզապես, չի ցանկանում, որպեսզի որևէ նրբերանգ անտեսվի: «Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր մինչև հիմա ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Բայց ասում եմ՝ երեկ մի քննարկում կար և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց դեռ կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ է այդ սցենարը։ Նկատի ունեմ, որ այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է, իրավաբանների խնդիրն է։ ճիշտ է՝ վերջում բանավեճերի արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի»՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Մինչ այդ նա ընդունել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»:
Հավելենք, որ եթե առաջիկա 14 օրում Ագային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրի, ապա դա կհանգեցնի խորհրդարանի արձակման, և երկրի նախագահը կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: