Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ՈՒԵՖԱ-ն, իբր, ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով տուգանել է այն բանի համար, որ Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների խաղին Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի հիմնը:
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի ղեկավար Հայկ Կարապետյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը: «Ինչպես կարող է ՈՒԵՖԱ-ն նման որոշում կայացնել, եթե կարգապահական հանձնաժողովի նիստ դեռ չի եղել: Նման որոշումներ կայացնում է այդ հանձնաժողովւ, ես զարմանում եմ, թե ԶԼՄ-ները որտեղից են վերցրել այդ տեղեկատվությունը՚, - ասել է նա:
Ընդ որում, նա չի բացառել հնարավորությունը, որ ՈՒԵՖԱ-ն իրոք կարող է Հայաստանին տուգանել, սակայն ոչ թե հիմների շփոթության, այլ հայ երկրպագուների վարքագծի համար: «Առայժմ չեմ կարող ասել, թե երբ կկայանա կարգապահական հանձնաժողովի նիստը, և ինչ որոշում կկայացանվի, սակայն նման հնարավորություն կա: Ամեն ինչ կախված է այն բանից, թե իր զեկույցում ինչ կգրի կազմակերպության ներկայացուցիչը՚, - պարզաբանհել է Կարապետյանը:
Նա ընդսմին չի ցանկացել մեկնաբանել Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների խաղի արդյունքը, հայտարարելով, թե դա իր իրավասությունից դուրս է: «Կարող եմ ասել միայն, որ Ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանատու է խաղի կազմակերպման համար, իսկ խաղի և դրա արդյունքի համար պատասխանատու են թիմի ղեկավարությունը և մարզիչները: Կարծում եմ, ճիշտ չէ ինչ-որ պահանջ ներկայացնել ՀՖՖ նորընտիր ղեկավարությանը՚, - եզրափակել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ վերը նշված խաղն ավարտվել է 0:1 հաշվով` հօգուտ Ջիբրալթարի հավաքականի, ինչը մեծ դժգոհություն է հարուցել հայ երկրպագուների շրջանում, որոնք խաղից հետո սկսել են շշեր նետել ֆուտբոլիստների կողմը, սակայն իրավապահները կանխել են այդ փորձերը, ընդհարում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև: Դրանից հետո ցանցերում տեղեկատվություն է հայտնվել ՀՖՖ ղեկավարի և հավաքականի մարզիչների հրաժարականների պահանջով: Խաղի ժամանակ տեղի է ունեցել ևս մեկ արտառոց դեպք. Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի հիմնը: