Արմինֆո. Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Այդ մասին հայտարարե լէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին: