Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն զգալի դեր է խաղում այնպիսի մարտահրավերների դիմակայության գործում, ինչպես` ահաբեկչությունն ու արտագաղթը: Այդ մասին հայտարարել է Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում:
Արքայազնը հիշեցրել է, որ ՖՄԿ անդամ բոլոր երկրներն իրենց միավորող արժեքների կրող են: «Վերջին ժամանակներս աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում, և Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը, որը ղեկավարվում է մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության, փոխըմբռնման սկզբունքներով, իր զգալի դերն է խաղում բարդ իրավիճակներում: Մենք խոստացել ենք մեր արժեքները փոխանցել ՖՄԿ մյուս երկրներին: Այդ արժեքներն են, մասնավորապես, սեռերի հավասարությունը, ծայրահեղականության կանխարգելումը: Անշուշտ, մեր կազմակերպությունն ունի բազմաթիվ կարևոր գործեր: Մեր կազմակերպությունը ղեկավարվում է հումանիզմի և համերաշխության արժեքներով: Մոնակոյի Թագավորությունն, իր հերթին, փորձում է զարգացնել այդ երկու արժեքները և ապահովել դրանց տարածումը տարբեր ոլորտներում՚, - ընդգծել է Ալբերտ Երկրորդը: Նա համոզմունք է հայտնել, որ ՖՄԿ անդամ երկրները ջանք չպետք է խնայեն աշխարհում ծայրահեղ աղքատության տարածումը կանխելու համար: Այդ իմաստով նա կարևորել է կրթության դերը: Արքայազնը մեծ կարևորություն է տվել նաև էկոլոգիական խնդիրներին:
Ալբերտ Երկրորդը խորին ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Շառլը ղեկավարվում էլ Քամյուի խոսքերով. «Իմ հայրենիքը ֆրանսերենն է՚: Մեծ Շանսոնիեի մահը վիթխարի կորուստ է մեզ բոլորիս համար՚, - հայտարարել Մոնակոյի արքայազնը: Ելույթի վերջում նա հաղորդել է, որ 2019 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա Մոնակոյում: