Արմինֆո.«Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում:
Վարչապետի հավաստմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: «Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում՚, - ընդգծել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: «Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ:
Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: