Արմինֆո.Հայաստանի համար չափազանց կարևոր են Սիրիայի իրավիճակին առնչվող հարցերը: Սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ դա պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային գործընթացներով, այլև այն սպառնալիքով, որը կախվել է ՍԱՀ-ում բնակվող հայերի գլխին: Մնացականյանը հիշեցրել է, որ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը գործունեությունը չի դադարեցրել Սիրիայի ճգնաժամի ողջ ընթացքում և փորձել է հնարավորինս աջակցել հայրենակիցներին, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում: «Առաջին անգամ չէ, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի մեր եղբայրներին: Մենք ռուսական կողմի աջակցությամբ արդեն մի քանի խմբաքանակ մարդասիրական բեռ ենք ուղարկել և կշարունակենք աջակցել Սիրիային` բացառապես մարդասիրական ասպեկտով՚, - ամփոփել է Մնացականյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրագործելու Սիրիայում: Նրա հավաստմամբ, դա կլինի լիովին մարդասիրական ծրագիր, որը չի ներառի ոչ մի ռազմական բաղադրիչ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիրիա են ուղարկվել հայ սակրավորներ և զինվորական բժիշկներ` Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական գործողությանը մասնակցելու համար: