Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առանց Հայաստանի համաձայնության` Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում չի կարող կայացվել:
«Կոմերսանտի՚ հետ հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հավակնի ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակի, Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Ըստ երևույթին, բոլորի համար հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության` նման որոշումներ չեն կարող կայացվել: Դուք` բոլորդ, գիտեք, թե այժմ ինչպիսին են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Մենք ամեն օր Ադրբեջանի կողմից Հայաստանին հասցեագրված սպառնալիքներ ենք լսում: Ես կարծում եմ, որ դրանից բխում է Հայաստանի ակնհայտ դիրքորոշումն այդ հարցում՚:
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է «ոչ՚, Փաշինյանը նկատել է, որ արդեն պատասխանեց այդ հարցին, համոզմունք հայտնելով, որ եթե Ադրբեջանը ձգտում է հասնել այդ նպատակին, պետք է, նախ, աշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: