Արմինֆո. Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ջոզեֆ Դոլը Facebook-ի իր էջում հայտարարություն է զետեղել Հայաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ:
«Չնայած այն հանգամանքին, որ Քաղաքական ասամբլեան կենտրոնացած է եվրոպական ընտրությունների վրա, այդուհանդերձ, մենք պետք է նաև ուշադիր հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել ՀՀԿ փոխնախագահ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին», - ասվում է ԵԺԿ նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանը ցրելու ճանապարհով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտադրության մասին, ինչը ներկայում ԱԺ մեծամասնությունը պահպանող ՀՀԿ սրտով չէ: ՀՀԿ-ն դեմ է խորհդրարանը ցրելուն, ըստ երևույթին գիտակցելով, որ նոր ընտրությունների դեպքում կարող է նաև չանցնել օրենսդիր մարմին կամ ստանալ ընդամենը մի քանի մանդատ: