Արմինֆո. Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն: Այդ մասին <Զինուժ> հաղորդաշարին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցում Փաշինյանը նշում է, որ հայկական կողմը ցանկանում է բարձրացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության արդյունավետությունը: <Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական>,- հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի պարտավորություններին՝ նշելով, որ այդ հարցը հետաքրքրում է անդամ բոլոր երկրներին: <ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ` արձանագրել խնդրի գոյությունը և դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ի և վերջինիս անդամ երկրների առաջ>,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հարցազրույցում վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը: