
Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր հանրապետության համար: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով փորձագիտական այն կարծիքներին, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին լարված են:
Պատգամավորը նշել է, որ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանությունում, Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը մեր առաջնահերթությունների շարքում է: «Ես և իմ որոշ գործընկերներ արդեն հայտնել ենք մեր մտահոգությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում տեղի վերջին իրողությունների առնչությամբ: Որպես ԱԺ պատգամավոր, հույս ունեմ, որ նոր իշխանությունների բոլոր գործողությունները հիմնված կլինի բացառապես հայկական շահերի վրա, ինչը ենթադրում է նախկին արտաքին քաղաքականության շարունակությունը» - նշել է պատգամավորը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Փաշինյանի և Պուտինի հանդիպումը կարող է հարթել երկու երկրների հարաբերություններում ի հայտ եկած կնճիռները, Ֆարմանյանը պատասխանել է. «Երկրների միջև հարաբերություններում կարևորն այն է, որ հնչեցված հայտարարությունները իրականացվեն », - ընդգծել է Ֆարամանյանը:
Իսկ որոշ լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ի տարբերություն նախորդների, Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցում են հավասար պայմանների հիման վրա, պատգամավորը նշել է. «Եթե դուք կարծում եք, որ համաշխարհային քաղաքականության մեջ, բոլոր երկրներն ունեն հավասար հնարավորություններ, ստիպված եմ հիասթափեցնել ձեզ, դա այդպես չէ: Այլ հարց է, որ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է մշակում իր արտաքին քաղաքականությունը, ելնելով սեփական շահերից և օգտագործելով իր բոլոր ռեսուրսները»: Ֆարմանյանն ընդգծել է, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել գոնե այն մակարդակում, որը կար մինչև իշխանափոխությունը, քանի որ տարածաշրջանում հայտնվել են շատ լուրջ և վտանգավոր գործոններ:
«Այն, ինչ կատարվում է Իրանում, մենք բոլորս տեղյակ ենք, ավելին, վերջին տարիներին նաև լարված հարաբերություններ են դիտվում Թուրքիայի և ԱՄՆ միջև: Իր հերթին, Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել հարաբերությունների ամրապնդմանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Այս ֆոնի վրա, Հայաստանն իրավունք չունի սայթաքել արտաքին քաղաքականության մեջ», - ընդգծել է պատգամավորը: