
Արմինֆո. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) Հայաստանին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել կառավարությունում և խորհրդարանում արմատացած կոռուպցիային և լայնորեն տարածված շահերի բախումների դեպքերին դիմակայելու համար:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում: Դրանում նշվում է, որ Հայաստանը վերջին 4 տարիներին բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունը և հաստատությունները: Մասնավորապես, ընդունվել է համապարփակ իրավական շրջանակ քաղծառայության և հանրային ծառայության թափանցիկության համար, այդ թվում կարգավորումներ էթիկայի և շահերի բախման մասով, քրեականացվել է ազդեցության վաճառքը և անօրինական հարստացումը, ներկայացվել է տեղեկացվածության մասին օրենք և նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչպես նաև ամրապնդվել են իրավական դրույթները՝ կապված պետական հայտարարագրերի հետ: Զեկույցը նաև ողջունում է էլեկտրոնային կառավարման գործիքների և ծառայությունների կիրառումը, ներկայացված հայտարարագրերի հրապարակման և ստուգման համակարգը:
Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն, շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքներին հետևելու բացակայությունը, ինչպես նաև տնտեսության մոնոպոլիզացումը: Հայաստանը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի դատավորների և դատախազների անկախությունը և միասնականությունը ապահովելու համար, ինչպես նաև ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի մասին աղմկոտ դեպքերը վերհանելու, քննելու և դրանք դատական կարգով լուծելու ուղղությամբ՝ օգտագործելով հայտնաբերման և վերլուծության տարբեր աղբյուրներ:
Զեկույցի հեղինակները մի շարք հանձնարարականներ են ներկայացնում Հայաստանի համար. ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ ընտրությունը, գործնականում իրականացնել քաղծառայության, հանրային ծառայության և տեղեկատվության մասին օրենքները, ապահովել պետական հայտարարագրերի նկատմամբ պարբերական և օբյեկտիվ վերահսկողություն՝ ուշադրություն դարձնելով բարձրաստիճան պաշտոնյաների և շարունակական խախտումների վրա, ապահովել գլխավոր դատախազի ընտրության ամբողջական և թափանցիկ գործընթացը և ընդլայնել անհատ դատախազների անկախությունը, առանց հետաձգումների սահմանել կորպորատիվ պատասխանատվություն կոռուպցիոն իրավախախտումների համար, ապահովել դրանց արդյունավետ կիրառումը գործնականում և ապահովել, որպեսզի կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները լինեն համաչափ, ապահովել պետական ձեռնարկությունների ամբողջականությունը և խթանել բիզնեսի ամբողջականությունը, մեծացնել պետական գնումների մոնիթորինգի թափանցիկությունը: Հետագայում նվազեցնել ոչ մրցութային գնումների գործընթացի կիրառումը: Զեկույցում նաև վերլուծություն է ներկայացվում բարձրագույն կրթության ոլորտից՝ խորհուրդ տալով այստեղ էլ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և օրենքների արդյունավետ կիրառմանը: