Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր մամուլի ասուլիսում խոստովանել է, որ իր գլխավորած գերատեսչությունն այսօր Պաշտպանության նախարարությունում անելիք չունի, քանի որ հենց նախարարությունն է ստուգումներ նախաձեռնում կառույցում, և հայտնաբերված իրավախախտումներն ուղարկում է լիազոր մարմիններ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սանասարյանն սպառնացել էր իր աշխատանքն սկսել ՊՆ-ում ստուգումներից և բազմամիլիոնանոց վատնումների հայտնաբերումից:
Ընդ որում Սանասարյանը հավաստիացրել է, որ մի շարք պետական և այլ կառույցներում ծառայության նախաձեռնած ստուգումներից հետո դրանցից շատերը կամավոր համաձայնել են պետբյուջե վերադարձնել մսխված միջոցները: Նա նաև հաղորդել է, որ այժմ ստուգումներ են անցկացվում Ազգային ագրարային և Երևանի պետական համալսարաններում: Նրա ասելով, արդեն առանձնապես խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել Ագրարային համալսարանում: Ընդ որում, Սանասարյանը չի նշել յուրացումների գումարը:
Դավիթ Սանասարյանը հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում և Սփյուռքի նախարարությունում համակարգված չարաշահումների մասին: Մասնավորապես, ստուգումների ընթացքում պարզվել է, որ Սփյուռքի նախարարությունը 75 մլն դրամ է հատկացրել ՀՀՀ-ին` ֆիլմի նկարահանման համար, իսկ հետո պարզվել է, որ ֆիլմը ՀՀՀ միջոցներով չի նկարահանվել: «Թե ուր են գնացել Սփյուռքի նախարարության հատկացրած միջոցները` կբացահայտի քննությունը՚, - նշել է Սանասարյանը:
Իր գլխավորած գերատեսչության գործունեության ամենալուրջ արդյունքը Սանասարյանը համարել է այն փաստը, որ ստուգումների արդյունքում Հայաստանի բարձրավոլտ էլցանցերը պետբյուջե կվերադարձնեն 140 մլն դրամ:
Ընդ որում, նա նշել է, որ նոր կառավարությունը բանտերը կոռուպցիոներներով լցնելու նպատակ չունի, եթե պետությանը հասցված վնասը փոխհատուցվի, ապա կոռուպցիոներների նկատմամբ կկիրառվի ներողամտություն: