Արմինֆո. Դեռևս Հայաստանում չեն վերլուծել, թե ինչ ազդեցություն կունենան հանրապետության տնտեսության վրա Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Առայժմ իմ գլխավորած նախարարությունն այդ մասին լիարժեք պատկերացում չունի»,- հայտարարել է նախարարը՝ չպարզաբանելով, թե լիազոր կառույցների մասնագետները երբ պատկերացում կունենան հանրապետությունում սպասվող տնտեսական գործընթացների մասին:
Ըստ որում, նա նշել է, որ հանրապետության տնտեսության վրա ամերիկյան պատժամիջոցները կարող են ինչպես բացասական, այնպես էլ որոշ չափով դրական ազդեցություն ունենալ՝ նոր հնարավորությունների առումով՝ չպարզաբանելով, թե հատկապես ինչպիսի:
Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ Մինասյանը հավաստիացրել է, որ դրանք որակապես նոր մակարդակի վրա են դրվել: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում հանրապետության տնտեսությունում ամերիկյան նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նա հայտնել է, որ այժմ քննարկվում են $1 մլրդ-ի ներդրումային նախագծեր, որոնցից առավել իրատեսական են $240 մլն-ի ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել արդեն մոտ ապագայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտում որոշ նախագծեր, ինչպես նշել է նախարարը, արդեն իրականացման փուլում են գտնվում: Նրա խոսքով, ԱՄՆ-ը շահագրգռված է նաև առողջապահության և կրթության ոլորտներում ծրագրերի իրականացմամբ: