Արմինֆո. Արտահերթ խորհրդարական ընտրությունները պետք է կայանան ամենաուշը 2019 թվականի մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` սեպտեմբերի 2-ին ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Նա ընդսմին նշել է, որ գործընթացները մեծապես պայմանավորված կլինեն քաղաքական իրավիճակով: Նրա ասելով, այսօր խորհրդարանը ցրելու մեխանիզմներ չկան, սակայն, եթե հասարակությունը պնդի, ապա կառաջանա նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն: Փաշինյանի ասելով, դրա համար կա երկու տարբերակ. առաջինը` սահմանադրական փոփոխություններն են, մյուսի դեպքում խորհրդարանական ուժերը կարող են, պարզապես, ստորագրել այդ մասին համաձայնագիր, սակայն դա կարող է բավարար չթվալ հանրությանը: «Այժմ աշխատում ենք սահմանադրական ուղղումների վրա, փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այդ համատեքստում մենք կունենանք քաղաքական քննարկումներ, իսկ ժողովրդի հետ քննարկումների արդյունքում մենք կհանգենք ընդհանուր հայտարարարի՚, - ամփոփել է վարչապետը: