Արմինֆո.ԱՄՆ կառավարությունը վաղուց արդեն ցանկանում է տեսնել 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին ամբողջական և անկողմնակալ քննություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշել է Միլսը։
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը համարում է ճիշտ, Ռ.Միլսը նշել է, որ նման որոշումը ԱՄՆ կառավարության իրավասության մեջ չէ: «Դա պետք է որոշի Հայաստանի դատական իշխանությունը: Իսկ մենք, մեր կողմից, կշարունակենք ուշադիր հետևել Հայաստանի դատական համակարգի գործընթացների զարգացմանը», - ընդգծել է նա: