Արմինֆո.ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում զենքի մատակարարումը Հայաստանին, ստույգ չեն: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:
«Դրանք ոչ ստույգ տեղեկություններ են, ես դրանք չեմ հաստատում», - հայտարարել է նա, անդրադառնալով ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելն ու Հայաստանում նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանգեցրել են խնդիրների հայ-ռուսական հարաբերություններում, ինչի արդյունքում կարող են դադարեցվել 100 միլիոնի ռազմական վարկի շրջանակում ռուսական զենքի մատակարարումները Հայաստան:
Ավելին, նա ընդգծել է, որ ռուսական կողմը Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ քննարկում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցերը: «Մենք ունենք պատկառելի իրավանորմատիվային հիմք` ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: Ամեն երկիր չէ, որ կարող է պարծենալ նման ժառանգությամբ՚, - հավելել է Ֆոմինը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն ՀՕՊ միավորված համակարգ և միացյալ զորախմբավորում, և այդ կառույցներն ամեն կերպ կատարելագործվում են ու ամրապնդվում: Գեներալը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև ձեռք բերված փոխգործակցության մակարդակն ապահովում է ցանկացած ընթացիկ խնդրի լուծում և համարժեք արձագանքում իրադրության փոփոխմանը:
Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յորի Խաչատուրովի հետ կանչման շուրջ ստեղծված իրավիճակը, որը 2008 թվականի մարտի 1-ի գործով անցնում է որպես մեղադրյալ, Ալեքսանդր Ֆոմինը նշել է. «Հայաստանն արդարադատություն է իրականացնում՚: