


Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները ծառայողական դիրքի չարաշահման արդյունքում «հարստացել են» 43 մլն դրամով: Այդ մաիսն տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցել են մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:
Մասնավորապես,175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարերը որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
Բացի այս, բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան ութ միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:
Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:Միջոցառումները շարունակվում են:



