Արմինֆո. Շենգավիթի առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին ՀՔԾ միջնորդությունը: Այդուհանդերձ, ինչպես լրագրողներին հաղորդել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, Խաչատուրովի նկատմամբ կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց գրավի տեսքով: Ընդ որում, փաստաբանը ձեռնպահ է մնացել գրավի մեծությունը նշելուց, հավելելով, որ գումարը չի գերազանցի 5 մլն դրամը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար և միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Խաչատուրովի դերը 2008 թվականի իրադարձություններում քննիչները չեն հստակեցնում, սակայն, հայտնի է, որ 2008 թվականի մարտի 1-ին Խաչատուրովը եղել է Երևանի կայազորի հրամանատարը, 2017 թվականից նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, Յուրի Խաչատուրովին չեն պարզաբանել ՀՔԾ կողմից նրան առաջադրված մեղադրանքի բնույթն ու հիմնավորումը: «Նրա համար անհասկանալի է, թե իրեն ինչում են մեղադրում՚, - ասել է Պողոսյանը: Ինքը` Խաչատուովը, հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին: