Արմինֆո.Հայաստանի հարկային օրենսդրությունն այնքան էլ միտված չէ տնտեսության որոշակի ճյուղերի զարգացմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ որում, նրա խոսքով, ինքը՝ որպես կոմիտեի ղեկավար, ով պատասխանատու է հարկային վարչարարության և բյուջեի հարկային եկամուտների հավաքագրմամբ, իրավունք չունի գնահատել, թե որքանով է «տանելի» հարկային բեռը ՓՄԲ սուբյեկտների համար: «Հնարավոր է, ՓՄԲ ներկայացուցիչների համար, բիզնես վարելու տեսակետից, գործող հարկային բեռն այնքան էլ տանելի չէ, բայց ինձ համար՝ տանելի է, քանի որ իմ առջև հարկային եկամուտներ ապահովելու խնդիր է դրված»,- բացատրել է նա:
Տվյալ փուլում, ինչպես հավաստիացրել է Անանյանը, ՊԵԿ-ը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ հարկային վարչարարության կոշտ միջոցներ չի իրականացնում: Միաժամանակ, նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ իրենց նկատմամբ իրականացվում է այդ դիրքորոշմանը հակասող քաղաքականություն, հայտնել այդ մասին ՊԵԿ-ին: Միաժամանակ, ինչպես նշել է ՊԵԿ ղեկավարը, ինքը ՓՄԲ ներկայացուցիչների բունտից չի վախենում: «Ոչ թե բունտերով պետք է առաջնորդվենք, այլ՝ հետևենք օրենքի տառին: Եթե կարծում ենք, որ օրենսդրությունը «վատն» է, պետք է վերանայել այն»,-հայտարարել է նա:
Սեպտեմբերին, ինչպես հիշեցրել է Դավիթ Անանյանը, կառավարությունը նախատեսում է հարկային օրենսդրության բարեփոխման գործընթաց սկսել և օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթով գնալ Ազգային ժողով: «Եթե դա հարկ վճարողներին դուր չի գալիս, կներեք, բայց մենք «դուր գալ-չգալու» կատեգորիաներով չենք կարող առաջնորդվել»,- ընդգծել է նա:
Նախօրեին ՊԵԿ-ը հայտնել էր, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները: Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանը անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը հետևյալ կոնտակտային տվյալներով.1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն, 2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ գերատեսչության կողմից հստակ հրահանգ կա՝ հարկային վարչարարությամբ չծանրաբեռնել փոքր և միջին բիզնեսը: Այնուամենայնիվ, ՓՄԲ ներկայացուցիչները շարունակում են ահազանգել հարկային մարմինների շարունակվող ճնշման մասին: