


Արմինֆո.ԱԺ Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքյաին խմբի առաջին նիստը վարող Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փաստաթղթի առնչությամբ ՀՀԿ առաջարկները, նշել է, որ իրենք նախատեսել են տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը միմիայն ID քարտերի միջոցով:
«Առաջարկում ենք ընտրություններին օգտագործել միմիայն ID քարտեր, քանի որ դրանք հնարավորություն ունեն չիպ ընթերցելու: Եկեք օգտագործենք այդ հնարավորությունը և մասսայական ID քարտեր տրամադրենք, դա կբարձրացնի անվտանգության մակարդակը»,- նշել է նա:
Հարությունյանը չի համաձայնել այն բանի հետ, որ հնարավոր չէ կարճ ժամկետներում տրամադրել ID քարտեր: Նրա խոսքով, դա կարելի է կազմակերպել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե որքան գումար և ժամանակ է պետք երկրի քաղաքացիներին ID քարտ տալու համար, Դավիթ Հարությունյանը նշել , որ քանի դեռ աշխատում էր կառավարությունում, անցկացվել էր ընկերությունների մրցույթ, սակայն հիմա տեղյակ չի, թե որ փուլում է գտնվում գործընթացը: Բացի այդ, նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել այդ հարցում:
«Ցանկացած ընտրությունների ժամանակ կունենանք դոնորներ, որոնք ֆինանսական աջակցություն ցույց կտան ID քարտեր տրամադրելու համար»,-նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ պետք է պահն օգտագործել և ID քարտեր տրամադրել բոլորին, թեկուզ անվճար:
Հարցին, թե ինչու նախորդ ընտրությունների ժամանակ նման բան չարվեց, Հարությունյանը հայտարարել է. «Ավելի ուշ հանգեցինք այդ մտքին: Կար մի ընկերություն, որից գոհ չէինք, մենք ուզում ենք նոր նմուշի ID քարտ, սա պատմական շանս է»,- եզրափակել է Հարությունյանը:



