Արմինֆո.Հայաստանի բոքսի ֆեդերացիայի ղեկավարի ընտրության շուրջ հերոսապատումը շարունակվում է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ֆեդերացիայի աղբյուրները, Սպորտի և երիտասարդության գործերի նախարարությունը, որը, փաստորեն, գործում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, «Ծառուկյան՚ դաշինքի ղեկավար, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հովանավորության ներքո, ճնշում է գործադրում բռնցքամարտիկների և մարզիչների նկատմամբ` նրանց ստիպելով ստորագրել հուլիսի 5-ին նախատեսվող Ֆեդերացիայի նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին դիմում:
«Մեր նկատմամբ ճնշում են գործադրում ամենատարբեր եղանակներով, պահանջում են, որպեսզի հայտարարություն ստորագրենք Ֆեդերացիայի նիստի հետաձգման մասին, որի ընթացքում պետք է կայանա դրա ղեկավարի ընտրություն՚, - հաղորդել են մարզիկները, դա բացատրելով այդ պաշտոնի համար իր թեկնածուին առաջադրելու Ծառուկյանի ձգտմամբ: Աղբյուրի ասելով, ի սկզբանե այդ թեկնածուն քրեական հեղինակություն Դոն Պիպոն էր (Արթուր Ասատրյան), սակայն նրա կալանավորումից հետո Ծառուկյանի խաղաքարտերը խառնվել են, և այժմ նրան ժամանակ է պետք նոր թեկնածու գտնելու համար, և հենց այդ պատճառով ԱՕԿ-ը փորձում է հետաձգել Ֆեդերացիայի ղեկավարի ընտրությունը: Այսօր այդ պաշտոնի միակ թեկնածուն Ֆեդերացիայի ներկայիս ղեկավար, պատգամավոր Արթուր Գևորգյանն է, որը սակայն, դե-ֆակտո, գործում է ինքնուրույն` ոչ Ծառուկյանի հեվանավորության ներքո: Միևնույն ժամանակ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կառավարության նախաձեռնությամբ համապատասխան օրենքի ընդունումից հետո զրկվելով բարեգործությամբ զբաղվելու հնարավորությունից, Ծառուկյանը փորձում է ապահովել Հայաստանի ողջ մարզաշխարհի ձայներն ու աջակցությունը: Իսկ նրան դե-ֆակտո չի ենթարկվում ընդամենը երկու ֆեդերացիա` ֆուտբորի և բռնցքամարտի:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանում՚ բռնցքամարտիկների հետ ԱՕԿ ղեկավարության հանդիպման ժամանակ: Միջադեպն սկսվել էր Ծառուկյանի և 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր` Վյաչեսլավ Հարությունովի միջև վիճաբանությունից, ով հանդգնել էր պաշտպանել Ֆեդերացիայի ղեկավարությանը: Հետո վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի: Սկզբում ավագ Հարությունովին ծեծել էր հենց Ծառուկյանը, այնուհետև` նրա թիկնազորի աշխատակիցները: Այդ են վկայում մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդու նախնական ցուցմունքները: Դրանց հիման վրա ձերբակալվել էր Ծառուկյանի թիկնազորի պետը` տխրահռչակ Էդոն (Էդուսրդ Բաբայանը), հարցաքննության էր կանչվել ԱՕԿ քարտուղար, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հետագայում Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Սակայն նրա նկատմամբ առայժմ քննչական միջոցառում չի իրականացվել: Օրվա երկրորդ կեսին տուժածն «անհայտ՚ պատճառներով փոխել է իր նախնական ցուցմունքը, հայտարարելով, թե Ծառուկյանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերություններ է պահպանում, և իրեն ոչ ոք չի ծեծել, պարզապես, սայթաքել է, վայր ընկել ու վնասվածքներ է ստացել` ինչպես «Ադամանդե ձեռքը՚ ֆիլմում. սայթաքեցի, վայր ընկա, գիտակցությունս կորցրեցի, սթափվեցի` գիպս: Պարզապես, ի տարբերություն ֆիլմի, տուժածն ստացել է ոչ թե փակ, այլ բազմաթիվ բաց կոտրվածքներ: