Արմինֆո.Հայաստանը պատշաճ կերպով տեղեկացնում է իր գործընկերներին Ադրբեջանի գործողությունների մասին, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Նախիջևանի ուղղությամբ դիրքային ամրապնդման փորձերի մասին ՀՀ ՊՆ տեղեկատվությանը, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել է հայ պայմանագրային զինծառայող:
«Քաղաքական տեսակետից նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից և չկատարելով ստանձնած պարտավորությունները: Մենք մեր կողմից շարունակու ենք այդ հարցը բարձրացնել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ մեր միջազգային գործընկերների և կազմակերպությունների առջև: Կարծում եմ, որ միջնորդներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է սպասում»,- նշել է նա:
Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին ՀԱՊԿ զորքերի տեղակայման հնարավորությանը՝ Բալայանը համոզմունք է հայտնեկ, որ Հայաստանի զինված ուժերը պետական սահմանի նախիջևանյան ուղղուրթյամբ օպերատիվ իրադրությունը վերահսկելու համար օգնության կարիք չունեն: Մեր պետական սահմանի պաշտպանության պատասխանատվությունը դրված է ՀՀ զինված ուժերի վրա, և ինչպես ցույց տվեցին վերջին օրերի զարգացումները, մենք վստահությամբ և արդյունավետ կերպով իրականացնում ենք այն»,- նշել է նա:
Հերթական անգամ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերաբար անցկացվող չհայտարարված զորավարժություններին, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ կան հարթակներ, որտեղ Հայաստանը բարձրաձայնում է գոյություն ունեցող խնդիրների մասին, և նման հարթակներից մեկը ԵԱՀԿ-ն է: Սակայն, նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ փաստաթղթերում, որտեղ նշված է անցկացվող զորավարժությունների մասին ժամանակին իրազեկելու անհրաժեշտության մասին, նշված չեն դրանք չկատարելու կամ խախտելու դեպքում պատժի մեխանիզմները: