Արմինֆո. Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորել հաստատված վստահելի փոխգործակցությունը։
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։
Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների նոր իրավական հենք, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։
Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։
Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։