Արմինֆո. Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ի արտահերթ նիստում գաղտնի քվեարկության արդյունքում բավարարել է արդեն նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երկրորդ միջնորդությունը:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի խոսքով, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Մանվել Գրիգորյանին ազատազրկելու օգտին քվեարկել է 77, դեմ՝ երեք պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսպիսով՝ ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել Մանվել Գրիգորյանի կալանավորմանը:
Ինչպես նշվում է գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության մեջ, ի հայտ եկած հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերևույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ողջամիտ կանխատեսման համար: Մեղադրյալին սպառնում է մինչև ութ տարի ազատազրկում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ