Արմինֆո. Արցախի իշխանությունները երբեք չեն գործել Հայաստանի ղեկավարության «դաբրոյով», այդպես էլ կշարունակվի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արցախի ղեկավարությունում վերջին հրաժարականները համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ:
«Այո, Հայաստանի և Արցախի իշխանությունները պարբերաբար խորհրդակցել են միմյանց հետ տարբեր հարցերի շուրջ, գիտեք, որ ապրիլյան հուզումների շրջանում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվել է Երևանում, փորձել կառուցողական դեր խաղալ ստեղծված իրավիճակում: Բայց երբեք չի եղել այնպես, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշումներ թելադրեն միմյանց: Հայաստանի ղեկավարությունը երբեք չի միջամտել Արցախի կադրային հարցերին, մենք երբեք չենք գործել ՀՀ իշխանությունների «դաբրոյով», այդպես չի եղել, չի էլ լինելու»,- հայտարարել է Հարությունյանը՝ խորհուրդ տալով Արցախում վերջին հուզումներում արտաքին հետք չփնտրել, առավել ևս՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը:
Ըստ որում, Հարությունյանը խոստվանել է, որ այսօր առավոտյան իր հրաժարականի մասին հայտարարությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց չի ցանկացել բացահայտնել զրույցի մանրամասները:
Արայիկ Հարությունյանը կոչ է արել նմանություն չանցկացնել Հայաստանի և Արցախի իրադարձությունների միջև՝ խոստովանելով, որ ՀՀ-ում վերջին գործընթացներն ազդել են ԼՂՀ-ում հասարակական տրամադրությունների վրա: «Հայաստանում իրադարձություններից հետո Արցախի ժողովուրդը նույնպես փոփոխություններ ցանկացավ: Կենցաղային վեճեր միշտ էլ եղել են Արցախում, ամեն տեղ էլ լինում են, բայց դրանք երբեք բողոքի ակցիաների առիթ չեն հանդիսացել: Հայաստանի իրադարձություններից հետո նոր հոսանքները եկան նաև Արցախ, և հանրապետության իշխանությունները, գիտակցելով դա, ընդառաջ գնացին հասարական տրամադրություններին՝ իրականացնելով կադրային փոփոխություններ»,- ասել է նախկին պետնախարարը: