Արմինֆո.ՀՀ Սփյուռքի նախարարությունը որոշել է ժամանակավորապես հետաձգել «Արի տուն», «Ամառային դպրոց» ծրագրերի և «Իմ Հայաստան» փառատոնի իրականացումը:
Ինչպես հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, ինքը կասկածներ ունի այդ ծրագրերին հատկացված միջոցների անհիմն վատնման առնչությամբ: Նախարարի խոսքով, գերատեսչությունում մսխման հետ կապված առաջին կասկածներն առաջացել են «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով անցկացված հայտամրցույթների և ծախսերի հետ ծանոթանալուց հետո: Օրինակ, ինչպես հայտնել է Հայրապետյանը, «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել: «Գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ», - ասել է Հայրապետյանը:
Բացի այդ, ինչպես հայտնել է Հայրապետյանը, Սփյուռքի նախարարության ծրագրերը կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Պարզվել է, որ հայտամրցույթները հիմանկան շահել են միևնույն կազմակերպությունները: Վերջիններիս անունները կհրապարակվեն իրավապահ մարմինների հետ համատեղ ուսումնասիրություններից հետո: Մխիթար Հայրապետյանն իր մտահոգությունը ներկայացրել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Արդյունքում նախարարը նշված ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարց է բարձրացրել և դրանք ժամանակավորապես հետաձգելու որոշում կայացրել, իսկ Դավիթ Սանասարյանի հանձնարարականով աուդիտ կանցկացվի: