Արմինֆո.Չորրորդ պատգամավորը՝ Ֆելիքս Ցոլակյանը, լքեց Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը:
Ավելի վաղ վերջինիս շարքերը լքել էին Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Արման Սահակյանը: Այդպիսով՝ ՀՀԿ խմբակցությունում 58 պատգամավորից մնացել է 53-ը: ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ շարքերը լքած պատգամավորների միջև խորհրդարանում համախմբված աշխատանքի շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել:
Միաժամանակ բացառված չէ, որ առաջիկա օրերին ՀՀԿ շարքերը կլքեն ևս մի քանի պատգամավոր՝ հիմնականում գործարար շրջանակները ներկայացնողներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀԿ գործարար շրջանակների աղբյուրները, օրերս հանրապետական պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության հավաք, որին ներկա է գտնվել նաև կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները /ՀՀԿ անդամ գործարարների ձեռնարկություններում ստուգումներ-խմբ./՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ այն անդամները, ովքեր զբաղվում են բիզնեսով, կարող են լքել կուսակցության շարքերը, եթե գտնում են, որ այդ որոշումը բխում է իրենց շահերից: Դրանից հետո, ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, տեղի է ունեցել ՀՀԿ անդամ հանդիսացող գործարար շրջանակների ներկայացուցիչների փակ հանդիպում: Քննարկվել է կուսակցության շարքերից բիզնեսի ներկայացուցիչների դուրս գալու նպատակահարմարությունը: Այնուամենայնիվ, հանրապետական գործարարները համաձայնեցված որոշման չեն հանգել, և, ամենայն հավանականությամբ, նրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն որոշում կկայացնի այդ հարցի առնչությամբ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ «գաղափարական թևին»՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նրանք նոյնպես կարող են լքել կուսակցությունը, եթե նպատակահարմար են համարում այդ որոշումը: Բայց այդ դեպքում պետք է հրաժարվեն պատգամավորական մանդատից: «Այդպես ազնիվ կլինի»,- ասել է ՀՀԿ առաջնորդը:
Այդպիսով՝ բացառված չէ, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ ՀՀԿ-ն կդադարի բացարձակ մեծամասնություն լինել, իսկ խորհրդարանում դե-ֆակտո կձևավորվի կուսակցության շարքերը լքած պատգամավորներից կազմված նոր ուժ, որը կգործի խաղի իր կանոններով՝ կախված այսրոպեական շահերից: