Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի:
«Իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով վերահսկում ենք ցանկացած տեղափոխում»,- հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ ադրբեջանական կողմը Նախիջևանում փորձում է առաջ բերել իր դիրքերը:
Նախարարի խոսքով, բոլորը պետք է հասկանան, որ Ադրբեջանը որոշակի տեղափոխումներ է իրականացնում իր տարածքում: «Կարծում եմ, որ մենք պետք է սթափ գնահատենք իրավիճակը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տվյալ պահին որևէ խնդիր չի տեսնում»,- հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է իր և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան հատված այցին, Տոնոյանի խոսքով, դա պայմանավորված էր սահմանի այդ հատվածի իրավիճակին անձամբ ծանոթանալու ԱԳ նախարարի ցանկությամբ: