Արմինֆո.Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, «Բանաձև» հաղորդաշարին հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցի առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը:
«Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ:
Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին»,- ասել է նախարարը: