Արմինֆո.: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի առաջ մղել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը՝ որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություների կողմ: Նման կարծիքի է ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Մայորովը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի հանդես գալ Լեռնային Ղարաբաղին որպես հայ-ադրբեջանական հակամարտության կողմ ներգրավելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ նրա քաղաքական հեռանկարների և դիրքորոշման վրա՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ համաշխարհային ասպարեզում»,- ընդգծել է փորձագետը, ավելացնելով, որ Փաշինյանը երկար ժամանակ կմնա Հայաստանի իշխանության ղեկին:
Միաժամանակ Մայորովը գտնում է, որ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժեր սպասել պետք չէ: «Երկու պետություններում փոխվել է ղեկավարությունը, և այն պետք է կողմնորոշվի հետագա ուղեգծի հարցում: Հեռանկարում՝ այո, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»,- ասել է նա haqqin.az-ին հարցազրույցում:
Քաղաքագետը քիչ հավանական է համարում նաև ղարաբաղյան հակամարտության գոտում 2016 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: Նրա խոսքով, առայժմ դրա համար նախադրյալներ չկան: «Կարծում եմ, որ Մոսկվան ամեն բան կանի կողմերի դիրքորոշումներն առավելագույնս մերձեցնելու և ղարաբաղյան հակամարտության գործընթացը մեռյալ կետից շարժելու համար՝ թույլ չտալով բռնությունը, որը կարող է խաթարել Անդրկովկասում փխրուն խաղաղությունը: Վստահ եմ, որ այս տարի տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, քանի որ, Ղարաբաղից բացի, կան էլի մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել»,- ասել է նա: