Արմինֆո.«Ես պետական ծառայող եմ, և ցանկացած կառավարության դեպքում իր գործն աշխատելն է»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրատ է արդյոք աշխատել նոր կառավարության կազմում:
Քոչարյանը նշել է, որ պետական ծառայողը պետք է ծառայի ոչ թե առանձին անձի, այլ՝ պետությանը, և եթե իր ծառայությունն օգտակար լինի, պատրաստ է աշխատել: Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ փոխնախարարը նշել է. «Լավ նախադրյալներ են ստեղծվել բոլոր ոլորտներում առաջընթացի համար, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, քանի որ, կարծում եմ, այսօր Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»:
Այն հարցին, թե հատկապես ինչ կփոխվի արտաքին քաղաքականությունում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Հիմնականում ամն բան կմնա այնպես, ինչպես կար, սակայն կա մի շեշտադրում, որը կարեւոր է՝ ավելի արժանապատիվ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ կպահանջվի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, բայց այն պետք է լինի ավելի արժանապատիվ և հետևողական, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի հավասարություն և կարողանանք առաջ մղել մեր շահերը՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասել է փոխարտգործնախարարը: