Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին որոշում կկայացվի առաջիկա օրերի ընթացքում: «Ես քննարկում եմ ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցում մի քանի տարբերակներ, և մատակա օրերին որոշում կկայացնեմ»,- հայտարարել էր նա:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ նոր ղեկավար կդառնա Ֆելիքս Ցոլակյանը, ով մայիսի 1-ին, չնայած ՀՀԿ խմբակցության որոշմանը, կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա: