Արմինֆո.ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ուշիուշով հետևում են Հայաստանում առկա իրավիճակին և ողջունում են քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին: Նա ընդսմին հույս է հայտնել, որ շուտով կհաջողվի գտնել ստեղծված իրավիճակի քաղաքական լուծումը, ինչը կառավարությանը թույլ կտա ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վրա: ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը քաղաքական առաջնորդներին կոչ է արել շարունակել խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ` գոհացուցիչ լուծում գտնելու նպատակով, որը պետք է դիտարկել երկրում քաղաքական մշակույթի զարգացման առավել լայն գործընթացի շրջանակում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ, որի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացին: Նա հեռախոսազրույց է ունեցել նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ: «Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ զրույցներն ամրապնդել են իմ վստահությունն առ այն, որ Երևանում քաղաքական գործիչները հակված են գտնելու իրավիճակի կառուցողական լուծում: Ես ընդգծել եմ, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն պատշաճ զսպվածություն և շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին», - հայտարարել է նա, հավելելով, որ խաղաղ հավաքները կարծիքներ արտահայտելու կարևոր միջոց են: