Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի սկսվել՝ քվորումի բացակայության պատճառով: 10:00-ի դրությամբ գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր:
Այս առնչությամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել մինչև քվորումի ապահովումը, սակայն,եթե չորս ժամվա ընթացքում քվորում չապահովվի, խորհրդարանի մայիսի 2-ի նիստը կճանաչվի չկայացած:
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարել է խմբակցության կողմից խորհրդարանի նիստերի քաղաքական բոյկոտի մասին: «Ներկայիս աննախադեպ իրավիճակում հայտարարում ենք Ազգային ժողովի նիստերի քաղաքական բոյկոտի մաիսն»,- հայտարարել է Էնֆիաջյանը:
Նշենք, որ գրանցվածների թվում չկային նաև Հանրապետական կուսակցության շատ պատգամավորներ: Որոշիչ դեր է խաղում նաև այն փաստը, որ այսօր պետք է տեղի ունենա պատգամավորների հանդիպումը կառավարության անդամների հետ, ովքեր «կախյալ» վիճակում են գտնվում: Մի շարք կառավարական պաշտոնյաներ արդեն հրաժարական են տվել՝ միանալով բողոքական շարժմանը:
Նախօրեին Ազգային ժողովը մերժեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նրա դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր, իսկ 45 ձայներով կողմ քվեարկեցին ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Ձեռնպահ չկար: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը քվեարկությանը չմասնակցեց: Նշենք, որ վարչապետի թեկնածության առնչությամբ հաջորդ նիստը տեղի կունենա 7 օր անց: Եթե կրկին վարչապետ չընտրվի, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը ցրվում է և նշանակվում են նոր ընտրութուններ: