


Արմինֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը հորդորում է իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ: Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:
Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար: Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո և փոխըմբռնման ոգով: Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, Մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար»,- ասված է Կաթողիկոսի հայտարարության մեջ:



