


Արմինֆո.Հարկային և ոստիկանական տեռորի առկայության պայմաններում, որոնց հետ բախվում են Հայաստանի քաղաքացիները, բնակչության աճի մասին անհնար է խոսել: Այդ մասին մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տեռորի դարաշրջանն ավարտվել է, և Հայաստանում իշխանափոխությունից հետո բարենպաստ պայմաններ կստեղծվեն քաղաքացիների հայրենիք վերադարձի և ներդրումների ներգրավման համար: «Այսօր ես տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի ներկայացուցիչների կողմից, ովքեր հայտարարում են երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու իրենց մտադրության մասին: Մինչ այժմ նրանք այդ ներդրւոմները կատարել են այլ երկրներում՝ զգուշանալով հայրենիքում ներդրումներ կատարելուց»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանին սպասում է տնտեսական թռիչք, այդ թվում՝ Սփյուռքից ներդրումների հաշվին: Որպես հետևանք՝ կավելանան բյուջետային մուտքերը, աշխատավարձը, նպաստները, կնվազի գործազրկության մակարդակը:


