
Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում գործող համակարգի վերջնական հեռացումը երկարատև ու դժվարին գործընթաց է, քանի որ պահանջում է մի շարք այլ կարևոր գործոններ, ներառյալ անկախ ընտրական և դատական համակարգի ձևավորումը, ավելի ազատ մամուլը և պատասխանատու իշխանությունը, այս շարժումն աննախադեպ բնույթ է կրում ողջ եվրասիական տարածաշրջանի համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանում ընթացող վերջին զարգացումներին նվիրված լսումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Էլեն Աղեքյանը:
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը: «Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով և փորձում է պահպանել իշխանությունը»,- նշել է Աղեքյանը:
Աղեքյանն առանձնացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, որն, ըստ փորձագետի, ավելի հզոր է, քան պատկերացնում էին շատերը: Նա կարևորել է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի և երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում: «Այս շարժման առանձնահատկությունն է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, որը կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինն անխոս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձն է և առաջնորդի հատկությունները, իսկ երկրորդը «Ելք» դաշինքի բնույթը, որը բաղկացած է երիտասարդ լրագրողներից ու իրավապաշտպան ակտիվիստներից»,- ընդգծել է Աղեքյանը:
Ըստ «Ամերիկայի ձայնի», հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված լսումներին մասնակցել է նաեւ International Republican Institute կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»: